Հայաստանի և Չինաստանի բուսաբանության ինստիտուտները համագործակցության հուշագիր են ստորագրել

Armenpress 13:52, 14 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Կունմինի բուսաբանության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և Չինաստանի ԳԱ Կունմինի բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Պունո Պենատենզին։

Հուշագրով նախատեսվում է համագործակցություն համատեղ ծրագրերի իրականացման, գիտաշխատողների, ուսանողների, գիտական հրապարակումների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու միջոցով։

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի է այցելել Չինաստանի ԳԱ փոխնախագահ Չժան Յափինի գլխավորությամբ՝ ՀՀ ԳԱԱ և Չինաստանի ԳԱ միջև կնքված համագործակցության շրջանակներում։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են այգու բուսական հավաքածուներին, ենթակառուցվածքներին և զարգացման ծրագրերին, ինչպես նաև ինստիտուտի գիտահետազոտական ծրագրերին, հերբարիումին, սերմերի բանկին, լաբորատորիաներին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am