Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. Պաշտպանության փոխնախարար

Armenpress 11:57, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանային իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է: ՊՆ-ն ուշիուշով հետևում է իրավիճակի դինամիկայի փոփոխությանը: Որևէ փոփոխության դեպքում անմիջապես կիրազեկենք հանրությանը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական զորքերի կուտակումները ո՞ր ուղղություններով են՝ փոխնախարարը շատ մանրամասներ չբացեց՝ խնդրելով բավարարվել վերջին շրջանում հրապարակված տվյալներով:

Նա, սակայն, նշեց. «Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով մենք սահմանային գոտում ենք հայտնվել: Եվ, եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ պակաս, մի տեղ մի զինատեսակ ավելի, մի տեղ մի զինատեսակ պակաս: Բայց կարևորն այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և լարման միտում գոնե այս պահին չի նկատվում»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am