Լեռնային Ղարաբաղից տեղափոխված  երեխաների մոտ  40 տոկոսն արդեն  տեղավորվել է Հայաստանի դպրոցներում

Armenpress 12:45, 8 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված  երեխաների գրեթե 40 տոկոսն արդեն տեղավորվել է հայաստանյան դպրոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի  ընթացքում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ կրթական ու առողջապահական խնդիրների լուծման գործընթացին  զուգահեռ պետությունը շարունակում  է հետևողական լինել ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի նկատմամբ:

«Բոլոր համայնքներում և մարզերում նրանց տրամադրվում են տաք սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ, ինչպես նաև զուգահեռ կազմակերպվում է կրթական գործընթացը»,- հավելեց Բաղդասարյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am