WCIT 2024-ի գավաթը փոխանցվել է Հայաստանին

Armenpress 15:50, 10 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մալազիայի Սարավակ նահանգում WCIT 2024-ի գավաթը  փոխանցվել է Հայաստանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին այս տարի մասնակցել է ավելի քան 10 հազար մասնակից աշխարհի 46 երկրից՝ համախմբելով համաշխարհային առաջնորդներին, տեխնոլոգիական ոլորտի նորարարներին՝ բացահայտելով նորարարության և տեխնոլոգիայի ներուժը ամբողջ աշխարհում: 

WCIT | IDECS 2023-ը նաև նշանավորվել է WCIT 2023-ի հռչակագրով և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT 2024-ի գավաթը՝ Հայաստանին փոխանցելով։ 

WCIT 2019-ի հաջողությունների և WITSA-ի հետ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործակցությունը կշարունակվի, քանի որ Հայաստանը հաղթել է հաջորդ WCIT-ն անցկացնելու մրցույթում և ստացել միջոցառումը կրկին հյուրընկալելու արտոնություն։ Մրցանակը մեր երկիր կբերի հայաստանյան պատվիրակությունը՝ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ խորհրդի անդամ Նարեկ Վարդանյանը։ 

WCIT-ն անցկացնում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), որը միավորում է 80 երկիր։ WITSA-ի տեսլականն է թվային տեխնոլոգիաները և թվային տնտեսությունը որպես նոր ռազմավարական հենարան դարձնել համաշխարհային տնտեսությունների համար՝ խթանելով թվային փոխակերպման արժեքը՝ որպես տնտեսական աճի և սոցիալական բարգավաճման կատալիզատոր: WITSA-ն նաև հայտարարել է, որ մտադիր է աջակցել բազմակողմ շահութաբեր առևտրային համաձայնագրերին և բարձրացնել իրազեկումը մրցակցային առավելությունների մասին թվային տեխնոլոգիաների ոլորտում:

WCIT 2024-ի թեման է «Գիտությունը որպես թվային դարաշրջանի խոստումները կատարելու միջոց»: Այս թեմատիկ շեշտադրումն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ օգտագործելու գիտական առաջընթացները՝ ընդգրկելով թվային դարաշրջանի ողջ ներուժը: 

«Սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար ևս մեկ նոր հաղթանակ է և ևս մեկ հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, թե ինչն է մեզ դարձնում «նոր կենտրոն»: Պատրաստվե՛ք, քանի որ նոր WCIT-ը լինելու է ավելի մեծ, ավելի հնչեղ և ավելի լավը, քան եղել է երբևիցե»,-նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: 

ՏՏ համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա: Իսկ ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՏՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով: Այս տարի WCIT 2023-ը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-6-ին։ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտում 120-ից ավելի ընկերություն, որի առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։ ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման վրա՝ առաջատար ծրագրերի, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, Իրական դպրոցը, ԻննոԻջևան նորարարական կենտրոնը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am