Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել

Armenpress 18:06, 14 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:

Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։

«Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։

Նշվում է, որ պաշտպանության նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am