Ֆրանսիան «անցանկալի անձ» է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան 2 աշխատակցի

Armenpress 10:30, 28 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան «անցանկալի անձ» է հռչակել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի՝ ի պատասխան պաշտոնական Բաքվի քայլի, որն օրերս «անցանկալի անձ» էր հռչակել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանի կողմից Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու աշխատակցի «անցանկալի անձ» հայտարարելը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ֆրանսիան կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որոնք Բաքուն ներկայացրել է իր որոշումը հիմնավորելու համար։

Նշվում է, որ որպես պատասխան քայլ՝ Ֆրանսիան «անցանկալի անձ» է հայտարարել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան 2 գործակալի, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն ԱԳՆ է կանչվել։

Ադրբեջանը դեկտեմբերի 26-ին «անցանկալի անձ» էր հռչակել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի, Ադրբեջանում  Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել էր ԱԳՆ։ Բաքուն 48 ժամ էր տվել ֆրանսիացի դիվանագետներին երկիրը լքելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am