Փաշինյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցության շարունակականությունը

Armenpress 20:08, 15 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է, և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է գործընկեր պետությունների հետ ծրագրերի հետագա իրականացումը, ակտիվ գործակցությունը, փորձի փոխանակությունն ու կարողությունների զարգացումը:

Ըստ աղբյուրի՝ Ռիչարդ Նեֆյուն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում: Պետքարտուղարության կոռուպցիոյի դեմ գլոբալ պայքարի համակարգողի խոսքով՝ ԱՄՆ-ն բարձր է գնահատում վերոնշյալ ուղղություններով ՀՀ կառավարության իրականացրած քայլերը: Ռիչարդ Նեֆյուն հավելել է, որ երևանյան այցի շրջանակում արդյունավետ քննարկումներ է ունեցել հայ գործընկերների հետ՝ հետագա փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թվայնացման գործընթացում, ինչպես նաև այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am