Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը «Ալաշկերտից» տեղափոխվել է «Նոա»

Armenpress 21:40, 15 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը տեեկացնում է, որ սերբ դարպասապահը Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում Չանչարևիչն «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 160 խաղի Հայաստանի առաջնություններում։

Ըստ աղբյուրի՝ «Նոային» միանալուց հետո Չանչարևիչը հայտնել է, որ իրեն դուր են եկել ակումբի հավակնություններն ու նպատակները․ «Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային»։ Հանդիպել եմ ակումբի նախագահի ու տնօրենի հետ։ Ինձ շատ դուր եկավ ակումբի նախագիծը, թե ինչ նպատակներ են դրված թիմի առաջ։ Շատ հաճելի է, որ ինձ վստահել են։ Կարծում եմ, որ «Նոայի» հետ կհասնենք մեծ հաջողությունների։ Ես շատ շնորհակալ եմ «Ալաշկերտին», բայց ինձ պետք էր փոփոխություն, քանի որ 34 տարեկան եմ ու դեռ ասելիք ունեմ ֆուտբոլում՝ ոչ միայն «Նոայի» կազմում, այլ նաև Հայաստանի հավաքականի»,- ասել է թիմի նորեկը։

Նշվում է, որ նախորդ տարի սերբ դարպասապահը առաջին անգամ հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից ու նորամուտը նշել Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի հետ խաղում։ Երկրի գլխավոր թիմում «Նոայի» նորեկն անցկացրել է 8 հանդիպում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am