«Irish Cinephile» լրատվականն «Ավրորայի լուսաբացը» ընդգրկել է 2023-ի լավագույն ֆիլմերի շարքում

Armenpress 11:01, 17 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ըստ «Irish Cinephile» կինո և հեռուստատեսային նորությունների լրատվականի՝ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն կինոն 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն, արխիվային հիբրիդային վավերագրություն է, մարդկային հուզիչ պատմություն, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանի անցած ճանապարհը, պատմում է, թե  ինչպես նա դարձավ հին Հոլիվուդի համր ֆիլմի աստղ:

Ֆիլմը ցուցադրվել է մի շարք երկրներում և արժանացել մրցանակների, իսկ հնդկաստանյան պրեմիերաները կկայանան հունվարի 20-21-ին:

Կինոնկարի ստեղծմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այն հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am