Իրանում Պակիստանի հարվածների զոհերի թիվը հասել է 9-ի

Armenpress 13:26, 18 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում Պակիստանի հարվածների զոհերի թիվը հասել է 9-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Զոհերի թվում կա 3 կին և 4 երեխա։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին, որոնք Իրանի քաղաքացիներ չէին։

Իրանը դատապարտել է Պակիստանի կողմից իր տարածքի հրթիռակոծությունը՝ արտգործնախարարություն կանչելով Պակիստանի գործերով ժամանակավոր հավատարմատարին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պակիստանը հունվարի 18-ին Իրանի տարածքին հարվածները պատճառաբանել է նրանով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։

Հունվարի 16-ին Իրանն իր հերթին հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am