Հայոց բանակի օրվա  առթիվ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում կազմակերպվել է «Բաց դռների օր»

Armenpress 16:03, 28 Հունվար, 2024

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի բժշկական կենտրոններում և Ճամբարակի առողջության կենտրոնում կազմակերպվել և անցկացվել է «Բաց դռների օր»՝ Հայոց բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի առիթով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «Բաց դռների օրվա» ընթացքում անվճար հիմունքներով հետազոտվելու, խորհրդատվություն կամ բուժում ստանալու հնարավորությունից օգտվել են Ղարաբաղյան պատերազմների  մասնակիցները, վիրավոր զինծառայողները, կամավորականները և սպայական անձնակազմի ընտանիքների, պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների և կամավորների ընտանիքների անդամները։

Բժշկական կենտրոններում հետազոտություններն իրականացրել են մարզի բուժհիմնարկների և մայրաքաղաքից հրավիրված լավագույն մասնագետները։

Ողջ օրվա ընթացքում մարզի բժշկական կենտրոններում կազմակերպված բաց դռների ընթացքում բուժաշխատողներն ընդունել են առողջական տարբեր խնդիրներով դիմած շուրջ 241 քաղաքացու։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am