ՄԽՄ պատվիրակությունը Բաքու այցի ժամանակ ջանքեր կգործադրի խաղաղության գործընթացին նպաստելու համար

Armenpress 21:58, 29 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական միությունում (ՄԽՄ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքներին: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԺ փոխխոսնակը մանրամասնել է հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:

«Քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց փոխանակման գործընթացին, ԼՂ-ում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող հարցեր: Հակոբ Արշակյանը կարևորել է բոլոր գերիներին ու պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու հարցում՝ Հակոբ Արշակյանն այդ առումով արժևորել է նաև Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Քննարկվել են նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանն առաջարկել է միջոցառումն անցկացնել սեպտեմբեր ամսին` Երևանում:

Նշվում է, որ Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ չնայած մարտահրավերներին՝ հայկական կողմը պատրաստ է առաջ մղել խաղաղության օրակարգն ու աշխատել այդ ուղղությամբ: Այս համատեքստում նա կարևորել է կողմերի միջև երկխոսությունը:

Հասմիկ Հակոբյանը հույս է հայտնել, որ Ժնևում կընդունվի Երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի թեմայի ընտրությանը վերաբերող իր առաջարկը: Հայ պատվիրակն առաջարկել է քննարկել խաղաղության գործընթացում երիտասարդների դերը՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Մարտին Չունգոնգն Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում բարձր է գնահատել արդյունավետ երկխոսություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա նշել է, որ Բաքու այցի ժամանակ իրենք ջանքեր կգործադրեն խաղաղության գործընթացին նպաստելու համար: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության խնդրին, գերիների փոխանակման գործընթացին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am