Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում

Armenpress 10:15, 27 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «ոչինչ չպետք է բացառել»՝ պատասխանելով Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։

Փարիզում Ուկրաինային աջակցության տրամադրման թեմայով ԵՄ ղեկավարների հանդիպումից հետո Մակրոնը շեշտել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ ձեռք չի բերվել  փոխհամաձայնություն «պաշտոնական և հաստատված» ձևով, սակայն «ամեն ինչ հնարավոր է, եթե դա օգտակար կլինի մեր նպատակին հասնելու համար»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ պետք է այնպես անել, որ «Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»։

Մակրոնի այս հայտարարությունը մեծապես տարբերվում է Արևմտյան ղեկավարների, այդ թվում՝ հենց Մակրոնի՝ նախկինում դրսևորած զգուշավորությունից։ Նրանք բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են խուսափել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրումից, և բացառել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։

Փարիզում տեղի ունեցած հանդիպումից առաջ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էր հայտարարել, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ դիտարկում են Ուկրաինա զինվորներ ուղարկելու հարցը, և հավելել էր, որ ինքը դեմ է այդ գաղափարին։

Ֆրանսիայի նախագահը, սակայն, չի նշել, թե ո՛ր երկրներն են կողմ կամ դեմ այդ տարբերակին։

«Ես չեմ ցրի այսօրվա բանավեճերի անորոշությունը՝ անուններ տալով, - ասել է նա։ - Ես ասում եմ, որ դա նշվել է տարբերակների մեջ»։

Փարիզում կայացած հանդիպմանը մասնակցել են գրեթե 30 ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, հիմնականում՝ եվրոպական երկրներից։

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու տարի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին հայտարարել էր, որ երկու տարվա ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 31 000 ուկրաինացի զինվոր։ Սակայն, The New York Times-ի հաղորդմամբ, այս թիվը մեծապես տարբերվում է ԱՄՆ-ի գնահատումներից, ըստ որոնց՝ ուկրաինացի զինվորականների շարքում զոհերի թիվը շուրջ 70 000 է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am