Հայաստանում ամեն երրորդ ուղևորը տեղափոխվում է հայկական ավիաընկերությունով․ ՏԿԵ նախարար

Armenpress 17:48, 28 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2023 թվականին ուղևորափոխադրումների աճ է գրանցվել, որի միտումը շարունակվում է առ այսօր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նախ նշեց, որ «Շիրակ» օդանավակայանում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել և հիմա էլ շարունակվում են։

«Բացի նրանից, որ թռիչքուղին ամբողջովին հիմնանորոգվեց, նաև շենքային մի հատվածի վերանորոգում էր իրականացվել, մյուս մասում էլ՝ շինարարական աշխատանքները շարունակվում են։ Շուտով ուղևորները ամբողջովին բարեկարգված և վերանորոգված հատվածներով կանցնեն»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ավիացիոն ոլորտում բավականին դրական աճ է արձանագրվել։

«Նախորդ տարի ուղևորափոխադրումների աճ է գրանցվել և այդ միտումը շարունակվում է։ Ուրախալի է, որ հայկական ավիաուղիները իրենց մասնակցությունը ունեն և հիմա ամեն երրորդ ուղևորը տեղափոխվում է հայկական որևէ ավիաընկերություններով»,- նշեց Սանոսյանը։

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am