Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել

Armenpress 12:54, 14 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Սամտրեդիա փողոցի բազմաբնակարան շենքում պայթյուն է որոտացել, վնասվել է մի քանի հարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի՝ շենքում ապրում է 93 ընտանիք։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Բնակչությունը տարհանվել է շենքից․ Դիդուբիի շրջանի վարչակազմը նրանց տեղավորել է հյուրանոցներում։

Միջադեպը տեղի է ունեցել լույս մարտի 14-ի գիշերը, բնակելի շենքի առաջին հարկում, կոմերցիոն տարածքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունում հայտնել են, որ պայթյունը, հավանաբար, առաջացել է բնական գազի արտահոսքի հետևանքով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am