ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ

Armenpress 14:00, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Ստոլտենբերգը բարձր գնահատեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը, որը հստակ արտահայտվում է խաղաղության օգտին և միանշանակ հանձնառու է ժողովրդավարական արժեքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: «Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա թե ինչու եմ ես երկու երկրների կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման ու ձեր ժողովուրդների համար տևական խաղաղության համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունն ու ձեր խաղաղ ձգտումներին»,-ասաց Ստոլտենբերգը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց և դրական գնահատեց Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին:

Ստոլտենբերգն ընդգծեց, որ մոտ 20 տարի է, ինչ Հայաստանը ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ առաքելության կարևորագույն գործընկերներից է՝ օգնելով անվտանգ ու ապահով միջավայր երաշխավորել Կոսովոյում բնակվող բոլոր համայնքների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am