Կհայտարարվի «Թատերական Երևան» անունը կրող դրամաշնորհի բաց մրցույթը. նոր թարգմանված պիեսների հիման վրա բեմադրություններ կիրականացվեն. Ավինյան

Armenpress 14:01, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը թատերական կյանքն էլ ավելի ակտիվացնելու նպատակով 2024 թվականին մի շարք ծրագրեր է իրականացնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ  հրապարակած իր ուղերձում:

«Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առիթով: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում:

Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք- շինություններն ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին:

Այդ մշակութային օջախներն են քաղաքին շունչ ու կենդանություն տալիս՝ ճարտարապետությանը հաղորդելով մշակութային դիմագիծ:

Երևանի քաղաքապետարանը թատերական կյանքն էլ ավելի ակտիվացնելու նպատակով մի շարք ծրագրեր է իրականացնելու այս տարի: Մասնավորապես, հրատարակվելու են համաշխարհային ճանաչում ունեցող 5 ժամանակակից դրամատուրգների շուրջ 20 պիեսներ:

Այնուհետև կհայտարարվի «Թատերական Երևան» անունը կրող դրամաշնորհի բաց մրցույթը, որի շրջանակում նոր թարգմանված պիեսների հիման վրա թատրոններին և թատերական նախաձեռնություններին ֆինանսական աջակցություն կտրամադրվի՝ բեմադրություններ իրականացնելու նպատակով:

Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է: 

Սիրելի՛ երևանցիներ, քաղաքի հյուրեր, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ»,- ասված է քաղաքապետի ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am