Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել

Armenpress 12:33, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական բանակը ցամաքային զորքերի զինծառայողներին թույլ կտա մորուք պահել՝ չեղարկելով 100-ամյա արգելքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին հաղորդում է Telegraph պարբերականը։

Հրատարակության տվյալներով՝ հրամանագիրը, որով  մորուք պահել կթույլատրվի ինչպես սպաներին, այնպես էլ զինվորներին, մարտի 28-ին ստորագրել է Չարլզ III թագավորը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 29-ին, որպեսզի զինվորները, որոնք գտնվում են Զատկի արձակուրդում, ժամանակ ունենան այդ ընթացքում մորուք աճեցնել, ենթադրում է Telegraph-ը։

Արգելքի վերացումը կապված է բանակում նորակոչիկների համալրման ճգնաժամի քննարկման հետ։ Պաշտպանության նախարար Գրանտ Շափսը քննարկումների ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ մորուք պահելու արգելքը «ծիծաղելի է»։ Ռազմաօդային ուժերում և Թագավորական նավատորմում ծառայող զինվորականներին մորուք պահել թույլատրվում է։

Հրամանագրում նշվում է, որ մորուքը պետք է լինի «խնամված» և համապատասխանի զինծառայողների կոկիկ տեսքի սկզբունքներին ու չափանիշներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am