Ավագ դասարանների աշակերտները հրավիրվում են մասնակցելու ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությանը

Armenpress 19:45, 2 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է 2024թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար։

Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Մրցույթի հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով.

առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները, եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։

«Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության համար https://shorturl.at/mTX37 հղմամբ նախ կիրականացվի մասնակցի գրանցումը (անուն, ազգանուն, դպրոց և այլն), որին անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։

Գրանցման և թեստավորման համար տրամադրվում է 1 ժամ 30 րոպե։ 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հաղթողները կստանան խորհրդանշական նվերներ, վկայական և դրամական պարգև:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am