Երևանում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը կեղծ է․ բերման ենթարկվածը եղել է ՌԴ քաղաքացի

Armenpress 09:57, 9 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:  

«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- մանրամասնեց Սարգսյանը:

Ավելի վաղ Telegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդել էր, թե Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի դիվերսանտ է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am