Իսրայելն Իրանին սպառնացել է, որ իրավիճակի սրացումը հետևանքներ կունենա

Armenpress 17:00, 13 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հետագա էսկալացիայի գնալու որոշման համար և հավելել, որ իսրայելական բանակը պատրաստ է բոլոր սցենարներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով իսրայելցի պաշտոնյայի տելեգրամյան հայտարարությունը:

«Իրանը պատասխանատվություն է կրելու իրավիճակի հետագա սրման գնալու որոշման համար: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է բոլոր սցենարներին և մեր դաշնակիցների հետ միասին անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է Հագարին:

Նրա խոսքով՝ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստ է պատասխանել։

Ավելի վաղ, The Wall Street Journal-ը հայտարարել էր, որ Իրանի պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Հրատարակության տվյալներով՝ հրեական պետությունն, Իրանի հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, ինչպես նշել է թերթը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Իր հերթին, Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքին ասել է, որ Իրանը սահմանափակ կերպով կպատասխանի, որպեսզի չհրահրի լարվածության սրացում:

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել էր հարձակման, որի մեջ Իրանը մեղադրել է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան գեներալ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am