Պատմության գանձերը. Լճաշենի դամբարանաբլուրից հայտնաբերված Ք. ա. 14-13- րդ դարերի արձանախումբը՝ իշխանության խորհրդանիշ

Armenpress 09:35, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք. ա. 14-13-րդ դարերին թվագրվող արձանախումբը հայտնաբերվել է 1956 թվականին  Լճաշեն գյուղի շրջակայքում կատարված պեղումների ժամանակ՝ N 2 բրոնզեդարյան դամբարանաբլուրից, որն, ըստ ուսումնասիրությունների, ցույց է տալիս ժամանակաշրջանի և՛ տեխնիկական, տեխնոլոգիական զարգացվածության աստիճանը,  և՛ հոգևոր պատկերացումներով պայմանավորված իշխանության խորհրդանշանների արտահայտման միջոցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի  հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Բենիկ Վարդանյանը նշեց, որ այս արձանը պատրաստված է մոմե կաղապարի միջոցով:

Նկարագրելով արձանախմբի առանձնահատկությունները, մասնագետը նշեց, որ նմուշի խարսխաձև պատվանդանի (լայն.՝ 10.8 սմ) երկու ծայրերն ավարտվում են կճուճաձև վերնամասով։ Պատվանդանը ստորին մասում երկճյուղված է, որտեղ առկա միջնորմը նախատեսված է կաշեթոկով արձանիկը փայտին ամրացնելու համար։ Պատվանդանի հիմնամասում բացված են եռանկյունաձև կտրվածքներ։

Խարսխաձև պատվանդանի ծայրերին՝ կճուճաձև վերնամասերի մեջ, հարթակների վրա կանգնած դիրքով, ամրացված է քարայծի երկու արձանիկ։

«Խարսխաձև պատվանդանի ուղեկցությամբ այս արձանախումբը Լճաշենի հիմնական բնորոշիչ հատկանիշներից մեկն է. այդպիսիք առկա են Լճաշենում  տասնյակ օրինակներով, սակայն կենդանիների պատկերմամբ նման արձանախմբերը բացառիկ օրինակներ են: Լճաշենի երկրորդ դամբարանաբլուրից հայտնաբերված այս արձանախումբը եղել է արձանադրոշ և իշխանության խորհրդանիշ»,-նշեց նա:

Թանգարանի  հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահը նշեց, որ ցուլը բրոնզեդարյան ժամանակաշրջանում եղել է ամպրոպի աստվածը: Այն նաև  հանդես է եկել որպես համայնքի կյանքի կենսունակության, իշխանության և անձրևի հովանավորը: Ըստ նրա՝ Լճաշենում նմանատիպ քանդակի առկայությունը խոսում է այդ համայնքում իշխանության ձևավորման աստիճանի և Աստծու կողմից լիազորված մարդկանց առկայության մասին:

Արձանիկներից մեկը կանգնած է քառանկյուն հարթակի վրա (2.5 սմ)։ Ունի համաչափ բացված վերջույթներ։ Հետին վերջույթների վրա արտահայտված է ծունկը։ Իրանին առկա է վեր ուղղված եռանկյունաձև կտրվածք։ Պոչը կարճ է։ Քարայծերն ունեն երկար վիզ, որն ավարտվում է ներս ծալվող կեռ եղջյուրներով։ Ականջները փոքր են, աչքերն արտահայտված ուռուցիկ հավելումների տեսքով։ Քարայծերը դնչին ունեն օղակ։

18 սմ բարձրությամբ, քառակող, իրանին ուղղանկյուն ու սեպաձև կտրվածքներով պատվանդանն ավարտվում է կճուճաձև վերնամասով, որը նույնպես զարդարված է եռանկյունաձև նախշով։

Ուղղանկյուն, ճյուղավորված հարթակի վրա կանգնած է ցուլը։ Այն ունի կարճ, մկանոտ ոտքեր։ Իրանը զարդարված է սեպաձև և ուղղանկյուն կտրվածքներով։ Արտահայտված է բաշը՝ վրան եռանկյունաձև կտրվածքների հաջորդականությամբ։ Ցուլն ունի դուրս ճկված կեռ եղջյուրներ։ Ականջները փոքր են։ Աչքերն արտահայտված են մեծ, բայց խորը գնդիկների միջոցով։ Բերանն ընդգծված է հորիզոնական կտրվածքով։ Կենդանին արտահայտված ֆալ ունի, իսկ հանգիստ ցած կախված պոչը հասնում է մինչև ծնկները։

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան, Հայկ Բարսեղյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am