Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Armenpress 15:50, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն:

Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության հավանություն ու ընդգծեց այդ նախաձեռնության նշանակությունը՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում ու նպաստը՝ հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդման գործում:

Նիստում ելույթ ունեցավ նաև Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատեսներից Ֆեյրալ Սայիդ Թալալը՝ Հայաստանին խորհրդարանին շնորհակալություն հայտնելով եզդի ժողովրդին աջակցության համար: «Ես խնդրում եմ՝ մշտապես պաշտպանեք մեր ժողովրդին՝ որքանով, որ հնարավոր է: Մենք ճամբարներում ենք, մենք չենք կարողանում Սինջարում էլ տեղ գտնել: Մենք չպետք է մեր բնակավայրերից տեղահանվենք: Ով կարող է, թող մեզ աջակցի, որ վերջ տրվի մեր նկատմամբ շարունակվող ցեղասպանությանը»,–ասաց ականատեսը:

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am