Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում

Armenpress 21:37, 16 Ապրիլ, 2024

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին օրերին Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2024 թվականի ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Սևանա լիճ թափվող ամենաջրառատ համարվող Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 21,9 խորանարդ մետր վայրկյան՝ այս տարվա մարտի 16-ի գրանցված 2,79 խորանարդ մետր վայրկյանի դիմաց։ Գավառագետում ջրի ելքը կազմել է 4,28 խորանարդ մետր վայրկյան՝ մեկ ամիս առաջ գրանցված 2,78 խորանարդ մետր վայրկյանի դիմաց։ Մասրիկ Գետում ջրի ելքը կազմել է 5, 72 խորանարդ մետր վայրկյան՝ մեկ ամիս առաջ գրանցված 2,25 խորանարդ մետր վայրկյանի դիմաց։Ձկնագետում ջրի ելքը կազմել է 7,55 խորանարդ մետր վայրկյան՝ մեկ ամիս առաջ գրանցված 0,34 խորանարդ մետր վայրկյանի դիմաց։

2024 թվականի ապրիլի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 29 սանտիմետր բարձրության վրա, որը 6 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։   

2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 38 միլիոն 638 հազար խորանարդ մետր ջուր, որից 23 միլիոն 139  հազար խորանարդ մետրը՝ վերջին 1 ամսվա ընթացքում։  

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am