Կոնդի վերակառուցման մրցույթի մասնակիցները տեղյակ են թաղամասում առկա պահպանման ենթակա հուշարձանների մասին․ ԿԳՄՍՆ պաշտոնյա

Armenpress 15:20, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Կոնդի 10 օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցանկում: Կոնդի վերակառուցման մրցույթի մասնակիցները տեղյակ են պահպանման ենթակա հուշարձանների մասին, և ցանկացած նախագիծ-առաջարկ պիտի իր մեջ ներառի դրանց բոլորի պահպանությունն՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքաշինական ծրագիր կհաստատվի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ  նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ընթացքում:

«Կոնդը երբևէ գրանցված չի եղել իբրև պատմամշակութային հուշարձան: Կոնդում կան առանձին գրանցված շենքեր, կառույցներ և շինություններ, որոնք ունեն հուշարձանի կարգավիճակ և պետական ցուցակում ընդգրկված են կամ նորահայտ հուշարձանների կարգավիճակում են: Վերջին տարիներին հենց մեր ուսումնասիրությունների հիման վրա 10 նորահայտ օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցուցակում»,- հայտնեց նա: 

Խոսելով Կոնդի վերակառուցման մրցույթից՝ Վանյանը նշեց, որ օրենքից բխող հիմանական պահանջը եղած հուշարձանների և դրանց պահպանական գոտիների ու  միջավայրի պատշաճ պաշտպանությունն է: 

«Բոլոր հուշարձանները պետք է պահպանվեն, դրանք պատշաճ ձևով ընդգրկված են մրցույթի տեխնիկական հայտերի մեջ: Մրցույթի մասնակիցները տեղեկացված են, թե որոնք են պատմամշակութային հուշարձանները, և որ դրանք պաշտպանված են օրենքով: Ցանկացած նախագիծ-առաջարկ պիտի իր մեջ ներառի դրանց բոլորի պահպանությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքաշինական ծրագիր կհաստատվի»,- ընդգծեց Վանյանը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am