Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի ամենամասշտաբային ընտրությունները

Armenpress 11:45, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում մեկնարկել են խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի ընտրությունները, որոնք կտևեն մեկուկես ամիս։ Ապրիլի 19-ին անցկացվում է ընտրությունների 7 փուլերից առաջինը։ Քվեաթերթիկների հաշվարկը տեղի կունենա հունիսի 4-ին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Հնդկաստանն ունի 968 միլիոն ընտրող՝ ավելի, քան ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի բնակչության թիվը միասին։

Ապրիլի 19-ին կքվեարկեն 166 միլիոն ընտրողներ երկրի 21 նահանգներում և տարածքներում։ Կգործի ավելի քան մեկ միլիոն ընտրատեղամաս։ Իրենց թեկնածուներին կներկայացնեն ավելի քան 2400 քաղաքական կուսակցություններ։

543-տեղանոց Լոկ սաբհայում բացարձակ մեծամասնություն կազմելու համար հարկավոր է ստանալ 272 մանդատ։

Ըստ կանխատեսումների՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում կստանա 370 տեղ, իսկ նրա Ազգային ժողովրդավարական դաշինքը՝ ավելի քան 400։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am