Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան

Armenpress 14:08, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության իրականացումը մի աստիճանով բարձրացնելու է Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ հարցերին ի պատասխան:  

Ըստ Փաշինյանի՝ այդ պայմանավորվածության իրականացումը Հայաստանի ինքնիշխանությունը մի աստիճանով բարձրացնելու է բոլոր առումներով. Հայաստանի միջազգային հեղինակության, տարածաշրջանային հեղինակության բարձրացման առումով, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ևս շատ բան է փոխվելու:

«Ակնհայտորեն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա: Նրանք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ, և ամեն ինչ անելու են, որ Հայաստանը իր ինքնիշխան որոշումն իրագործելու հնարավորություն չունենա՝ այդ թվում խաղալով մարդկանց հույզերի հետ և այլն»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով հանգիստ է, որովհետև խոսել է և՛ Ոսկեպար, և՛ Կիրանց բնակավայրերի բնակիչների  հետ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am