Չինաստանում հեղեղումների պատճառով 110 000 մարդ է տարհանվել

Armenpress 17:08, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Գուանդուն նահանգում իշխանությունները 110 000 մարդու են տարհանել հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումների պատճառով։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ 4 մարդ է զոհվել, 10 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Փրկարարները հեղեղված շրջաններից մարդկանց դուրս են բերել նավակներով։ Մի քանի խոշոր գետեր դուրս են եկել ափերից։

Գուանդուն նահանգի մեծ մասը գտնվում է Չզուցզյան գետի ցածրադիր դելտայում, որտեղ հեղեղների հավանականությունը մեծ է։ Նահանգը, որը Չինաստանի ամենախիտ բնակեցվածներից է, նաև խոշոր արտադրական կենտրոն է։ Հեղեղներից ամենաշատը տուժել են նահանգի մայրաքաղաք Գուանչժոուն և Շաոգուան ու Հեյուան քաղաքները։

Շուրջ 1,16 մլն տուն շաբաթ և կիրակի օրերին զրկվել է էլեկտրականությունից։ Գուանչժոուի օդանավակայանում հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ չվերթեր։ Առնվազն երեք քաղաքներում փակվել են դպրոցները։ Տասնյակ տներ փլուզվել են կամ մեծապես վնասվել։

Իշխանությունները հեղեղների պատճառած ուղղակի տնտեսական վնասները գնահատում են 19,8 մլն դոլար։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Գուանդունում և հարևան Ֆուցզյանի նահանգի ափամերձ շրջաններում հորդառատ անձրևները կշարունակվեն առնվազն մինչև ապրիլի 23-ը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am