Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Armenpress 18:44, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն ունեն նաև միջխորհրդարանական կապերն ու փոխգործակցությունը տարբեր միջազգային հարթակներում:  

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին:

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am