Մարտունի համայնքի «Աբգարյան դենս» պարային ստուդիան հաղթել է ՀՀ պարային օլիմպիադայի 3 փուլերում

Armenpress 21:45, 23 Ապրիլ, 2024

 ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։   Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործող «Աբգարյան դենս» պարային ստուդիան հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության պարային օլիմպիադայի բոլոր 3 փուլերում, որի համար էլ  հրավեր է ստացել՝ մասնակցելու Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում 2024 թվականի մայիս ամսին անցկացվելիք «Հայկական մշակութային օրեր» խորագիրը կրող միջոցառմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, վերջերս  Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է  «Աբգարյան դենս» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ալլա Աբգարյանին և նրա սաներին:

Համայնքի ղեկավարը շնորհավորել և շնորհակալագրեր է հանձնել Մարտունի համայնքի Վերին և Ներքին Գետաշեն գյուղերի մշակույթի կենտրոններում գործող «Աբգարյան դենս» պարային ստուդիայի ավագ և կրտսեր խմբերին` Հայաստանի Հանրապետության 13-րդ պարային օլիմպիադայի բոլոր 3 փուլերում 1-ին տեղերը զբաղեցնելու համար:

«Մեկ տարի առաջ էլ «Աբգարյան դենս»  պարային ստուդիայի սաները փայլուն էին հանդես եկել Հայաստանի գավաթի առաջնությունում՝ շահելով երկու գավաթ, 5 ոսկե, 3 արծաթե մեդալ և 30 դիպլոմ։  Մեր ստուդիան ընդամենը երկու տարվա պատմություն ունի։ Ստուդիայում ընդգրկված են 3-12 տարեկան 90 երեխա՝ Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերից»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am