Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 15:04, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունների համար չկա և չի կարող լինել ոչ մի արդարացում», - ասված է Բժանիայի ուղերձում։

Նախագահը նշել է, որ փրկելով իրենց և իրենց երեխաների կյանքը՝ բազմաթիվ հայեր են մեկնել Աբխազիա, և նրանց սերունդներն այսօր իրենց ավանդն են ներդնում Աբխազիայի զարգացման գործում։

«Այս սգո և հիշատակման օրն իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Աբխազիայի հայկական սփյուռքին, ամբողջ հայ ժողովրդին, մաղթում եմ ոգու տոկունություն, խաղաղություն և բարգավաճում», - ասված է ուղերձում։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Աբխազիայի հայերի հոգևոր հովիվ Տեր Սեդրակը (Ազնավուրյան) Գագրա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցում կկատարի հոգեհանգստյան կարգ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am