ԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազ

Armenpress 13:03, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները չունեն երկկողմ պայմանագիր  անձանց  արտահանձնման հետ կապված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:

«Միացյալ Նահանգների հետ ունենք մի կարևոր խնդիր, մենք չունենք երկկողմ պայմանագիր։ Ապրիլի 15-ին իմ հրավերով ներկայացուցիչներ էին եկել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտից և պետական դեպարտամենտից, և մենք քննարկում էինք հնարավորությունը, թե ինչպե՞ս կարող ենք երկկողմ պայմանագիր ունենալ արտահանձնումներ իրականացնելու համար։ Մենք Միացյալ Նահանգներին արդեն հինգ անձի հանձնել ենք բազմակողմ պայմանագրերի հիման վրա, իրենք ոչ մեկի չեն հանձնել։ Մենք պահանջում ենք և ամեն անգամ մերժում ենք ստանում»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ դիմումներն ուղարկվում են և՛ դիվանագիտական ճանապարհով, և՛ փոխանցվում են առձեռն, և՛ ուղարկվում են էլեկտրոնային փոստով։   

Նրա խոսքով՝ այս խնդիրը միայն դատախազությունը չի կարող լուծել։

«Մնացած երկրների հետ, կարծես թե, այս խնդիրը չունենք»,- ավելացրեց Վարդապետյանը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am