ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

Armenpress 11:04, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի օրակարգ չընդգրկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 27, դեմ՝ 51 պատգամավոր։

Նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993 թվականից փաստացի գործող սահմանները։

Հաջորդիվ պատգամավորն  անդրադարձավ  Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կողմից ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով, այո, վարչապետին իրավունք է տրվում  կազմել խորհրդակցական մարմիններ: Այն մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որեւէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը: Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով: Տարածքը դա այն տեղն է, այն  հողն է, որի վրա գործում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ որի վրա Հայաստանն ունի տիտղոս: Հետեւաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդակցական մարմին հանդիսացող հանձնաժողովի որոշումով»,- ասաց Արթուր  Խաչատրյանը:

Ընդդիմության կարծիքով՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ:

Ընդդիմության կարծիքով՝ անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում: Սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ: Սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով եւ հետո լինի սահմանագծում: «Ինչպես նշեցի, սահմանազատման հիմք պետք է հանդիսանա 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը, եւ նաեւ ճանապարհների ապաշրջափակումը, հաղորդակցության ուղիների նկատմամբ ամբողջական, միաժամանակյա ապաշրջափակումը պետք է լինի ինքնիշխանության պահպանմամբ»,- նշեց Խաչատրյանը։

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը հիմք ընդունելով՝ Հայաստանը կհրաժարվի իր պետական սահմանից և կվերադառնա ռազմական գործողության տրամաբանության։

«Սա բացարձակապես անընդունելի է և պարունակում է իր մեջ Հայաստանի Հանրապետության համար իրավական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական ռիսկեր։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ստորագրել են Ալմա-Աթայի հռչակագիրը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին՝ այդպիսով միանալով նորաստեղծ Անկախ պետությունների համագործակցությանը»,- ասաց Կարապետյանը։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am