Նախնական ու միջին մասնագիտական կրթական ուսհաստատություններում ուսանողների թիվը պակասել է

Armenpress 16:28, 17 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 2011-2012 ուսումնական տարում կրթական հաստատություններ է ընդունվել 2 հազար 780 ուսանող: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, 2011-2012 ուստարվա համեմատ ընդունվողների թիվը պակասել է 320-ով:

Աբրահամյանի խոսքով' դա պայմանավորված է նրանով, որ 2011 թվականին դիմորդների թիվը քիչ է եղել: «Համոզված ենք, որ հաջորդ տարի ուսանողների թիվն անհամեմատ կավելանա»,- կարծում է վարչության պետը:

Միջին մասնագիտական կրթական ծրագրով 2011-2012 ուսումնական տարում ընդունվել են 8 հազար 900 ուսանող, 2009-2010 ուստարվա համեմատ ընդունելությունն ընդհանուր առմամբ պակասել է 2 հազար 100-ով:

Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացվում են 25 պետական ուսումնական հաստատություններում, միջին մասնագիտական կրթական ծրագրեր' 72 կրթական հաստատություններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am