Փոքր ոճիրն ընդունելով` Թուրքիան կփորձի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանությունից
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ 1936-39 թվականներին Դերսիմում ավելի քան 13 հազար քրդերի ջարդերի առնչությամբ ներողությունը կարող է օգտագործվել «Հայոց ցեղասպանության մեղքը շեղելու համար»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը' նկատելով, որ փոքր ոճիրն ընդունելով' Թուրքիան կփորձի միջազգային հանրության ուշադրությունը շեղել 1915-ի ցեղասպանությունից: «Ներկուսակցական մակարդակով ներողությունը պետք է դիտարկել նաեւ թուրքական քաղաքականության ներքին խմորումների համատեքստում: Էրդողանի նպատակը պառակտում մտցնելն էր»,- կարծում է թուրքագետը:
Հովհաննիսյանի խոսքով' Էրդողանն այս հարցն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ակտիվի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելով' փորձել է նսեմացնել հակառակորդ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, քանի որ Դերսիմի դեպքերը կապված են վերջինիս հետ: «Հակառակ դեպքում Էրդողանը կընտրեր ուրիշ ամբիոն «ժողովրդավարական» այդ քայլն անելու համար' ցույց տալով, որ Թուրքիան չի վախենում առերեսվել անցյալի հետ»,- նշեց նա:
Հովհաննիսյանը կարծում է, որ Թուրքիայի վարչապետի այս քայլը չի նշանակում' պետությունը պատրաստ է ընդունել 13 հազար քրդերի դեմ գործած հանցանքը' բարոյական ու նյութական փոխհատուցում տալով: «Թուրքական պետության ինքնության ճգնաժամը կավարտվի միայն ինքնության փոփոխության դեպքում, ինչը քիչ հավանական է»,- ասաց թուրքագետը: