Լոս Անջելեսի քաղխորհուրդը հավանություն Է տվել Հոլիվուդյան կինոյի թանգարանի շինարարությանը
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հունիսի 25-ին հավանություն Է տվել մեգապոլիսի կենտրոնական մասում ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի թանգարանի շինարարությանը: Քննարկման ներկայացված շենքի նախագիծը, որն իր արտասովոր տեսքով հիշեցնում Է համատեղված շոգեքարշ եւ դիրիժաբլ, միաձայն աջակցություն Է ստացել քաղաքային խորհրդականների կողմից:
Թանգարանի համար տարածքն ընտրվել Է «Կախարդական մղոն» պերճաշուք շրջանում: Այստեղ Է գտնվում նշանավոր Լոս Անջելեսի օկրուգի արվեստների թանգարանը (LACMA):
Կինոյի թանգարանի կառուցումը կսկսվի այս աշնանը: Նախագիծը գնահատվում Է 300 մլն դոլար: Թանգարանը հանրության համար կբացվի 2017 թվականին: «Ես ուրախ եմ, որ Լոս Անջելեսը կունենա եւս մեկ ճարտարապետական ու մշակութային խորհրդանիշ»,- հայտարարել Է մեգապոլիսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին՝ հրապարակելով քվեարկության արդյունքները:
Մինչդեռ Ակադեմիան, որը «Օսկար» մրցանակի հիմնադիրն Է, արդեն նշանակել Է ապագա թանգարանի տնօրենին: Խոսքը Քերի Բրուգերի մասին Է: Նա շենքի նախագծի գլխավոր խորհրդատուներից մեկն Է:
Թանգարանն իրենից ներկայացնում Է վեցհարկանի շենք, ինչպես նաեւ հազար տեղի համար նախատեսված գնդաձեւ թատերական դահլիճ: Տանիքին տեղավորվելու Է զբոսայգի:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ակադեմիան թանգարանի շինարարության համար արդեն 250 մլն դոլար Է հավաքել 1,3 հազար կամավոր դոնորներից: