Երևանյան բեսթսելեր 3/20. «Ալքիմիկոսը» վարկանիշային աղյուսակի առաջատարն է
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երկրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» բեսթսելերը, որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» գիրքը ևս ընդգրկվել է ցանկում: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ հեղինակի անսահման սերն է:
Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն:
«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը ութերորդն է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» ժողովածուն: Հայ գրականությունում չկան երկու այլ անուններ, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին ու Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +3
Պաուլո Կոելյո
«Ալքիմիկոսը»
Անտարես 32 2 -1Անտուան դը Սենտ Էկզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես/Էդիթ Պրինտ 29/20 3 +6Ումբերտո Էկո
«Վարդի անունը»
Անտարես 15 4 *Վահան Հովհաննիսյան
«Մանդիլիոն»
Անտարես 10 5 *Օրհան Փամուք
«Իմ անունը կարմիր է»
Անտարես 10 6 -4Գրիգոր Նարեկացու
«Մատյան ողբերգության»
ՄՀՄ 8 7 *Սպենսեր Ջոնսոն
«Ո՞ւր է իմ պանիրը»
Էդիթ Պրինտ 8 8 -1Գաբրիել Գարսիա Մարկես
«Սերը ժանտախտի օրերին»
Բուկինիստ 7 9 -6Անրի Վեռնոյ
«Մայրիկ»
Առպրինտ 7 10 0Գուրգեն Մահարի
«Չարենց-նամե»
Բուկինիստ 6Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024