Հայազգի գիտնականը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական

Armenpress 17:06, 11 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գիտնական Վոն Թուրեկյանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի գիտության եւ տեխնոլոգիաների գծով խորհրդական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, հայազգի գիտնականը կզբաղվի շրջակա միջավայրի, գիտության, տեխնոլոգիաների եւ առողջապահության ոլորտներով, որոնք ազդում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:

«Պարոն Թուրեկյանը կնպաստի գիտության, տեխնոլոգիաների քաղաքականության զարգացմանը, որոնք ամերիկյան դիվանագիտության անքակտելի մասն են»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում:

Մինչ այս պաշտոնում նշանակվելը Վոն Թուրեկյանը եղել է Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (AAAS) միջազգային գծով տնօրենը: 

Գիտնականը Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռ է: Նրա հայրը Յեյլի համալսարանի անվանի քիմիկոս Կառլ Թուրեկյանն է: 2000թ. Վոն Թուրեկյանը դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am