Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են. սեպտեմբերի 17-ը լռության օր է

Armenpress 11:20, 17 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում սեպտեմբերի 18-ին նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ, լռության օր է, իսկ արդեն սեպտեմբերի 18-ին տեղի կունենա քվեարկությունը:

Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի տարբեր համայնքերում, այդ թվում` Աշտարակ, Ապարան, Արարատ, Մասիս, Արմավիր, Մեծամոր քաղաքներում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն, ընդհանուր առմամբ, 5 մարզերի 317 համայնքներում: Դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 10 կազմակերպություններ` 355 դիտորդներով և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջազգային դիտորդները:

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նախատեսված են նաև հոկտեմբերի 2-ին: Այդ օրը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև երկու կարևոր համայնքներում՝ Գյումրիում և Վանաձորում: Ակնկալվում է, որ Գյումրիում և Վանաձորում թեժ պայքար է ընթանալու՝ հաշվի առնելով կուսակցությունների մասնակցության բարձր աստիճանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am