Թուրքիայում ձերբակալված քրդամետ պատգամավորն ազատ է արձակվել

Armenpress 16:35, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին պատգամավոր Այշե Աջար Բաշարանը, ով հունվարի 20-ի վաղ առավոտյան ձերբակալվել էր, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:

Բաշարանը ձերբակալվել էր, քանի որ հրաժարվել է ներկայանալ Բաթմանի հանրապետական դատախազություն ցուցմունք տալու: Նրա դեմ հետաքննություն էր իրականացվում «ահաբեկչական խմբավորման օգնելու» հիմնավորմամբ: Ցուցմունք վերցնելուց հետո նա ազատ է արձակվել:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են  «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am