Ալիևի` Ֆրանսիա կատարելիք այցի օրը հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի

Armenpress 19:12, 2 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի օրը` մարտի 14-ին, տեղի հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Ալիևը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք ցույց ենք անցկացնելու,  որ դատապարտենք նրա այցելությունը Ֆրանսիա, դատապարտենք Ալիևի ռեժիմը, Ադրբեջանին զինելու գործընթացը, իհարկե, նաև զորավիգ կանգնենք Արցախին, արցախցիների ինքնորոշման հարցին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով, ամեն ինչ արվում է տեղի լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելու համար` իրականացնելով համապատասխան քարոզչություն:

«Պետք է այնպես անենք, որ մամուլը անդրադառնա մեր նախաձեռնությանը: Ցույցն արվելու է այն վայրում, որտեղ միշտ մեծ թվով մարդիկ են լինում, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Ակնկալվում է մեծ թվով անձանց մասնակցություն»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին երկօրյա այցով կլինի Ֆրանսիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am