Երևանյան բեսթսելեր 4/50. «Աստղերն են մեղավոր» և «Մեծն Գեթսբին» կրկին ամենավաճառվածների ցանկում են
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ նորից գլխավորում է Էդգար Հարությունյանի նոր գիրքը: «Չգտնված երիցուկներ»-ը հեղինակի երկրորդ գիրքն է, որը մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը մեկ հորիզոնականով չի զիջել իր դիրքերը և այս շաբաթ կրկին երկրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը (խմբագիր՝ Հովհաննես Այվազյան) բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են մի հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Չորրորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հինգերորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը, խմբագիրը՝ Հովհաննես Այվազյանը:
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և վեցերորդ տեղը զբաղեցրել Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:
Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը կրկին վարկանիշային աղյուսակում է և յոթերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» ութերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Երիտասարդ և խոստումնալից գրող Էդգար Կոստանդյանի «Կուկու» վեպը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և իններորդն է: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է համաշխարհային գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» ստեղծագործությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 Նոր
Էդգար Հարությունյան
«Չգտնված երիցուկներ»
Անտարես 181 2 0Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ պրինտ 75 3 +2Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 43 4 +2Սպենսեր Ջոնսոն
«Ու՞ր է իմ պանիրը»
Էդիթ պրինտ 43 5 +3Ստեֆան Ցվայգ
«Ընտիր նովելներ»
Բուկինիստ 43 6 *Ջոն Գրին
«Աստղերն են մեղավոր»
Էդիթ պրինտ 13 7 +2Ռեյ Բրեդբըրի
«Ֆարենհայթ 451»
Զանգակ 12 8 -1Պաուլու Կոելյու
«Ալքիմիկոսը»
Անտարես 11 9 +1Էդգար Կոստանդյան
«Կուկու»
Վարդ Հրատ 10 10 *Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Մեծն Գեթսբին»
Զանգակ 8
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: