Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը

Armenpress 14:29, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը, որը դասվում է հասարակ մարդկային գրիպի վիրուսների շարքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նկատեց, որ տարածաշրջանում եւ, հատկապես, Վրաստանում այս սեզոնին եւս ակտիվ է գրիպի այդ տեսակը: «Գրիպ B  տեսակը  մնացած բոլոր գրիպի տեսակներից ոչնչով չի տարբերվում: Փոխանցման մեխանիզմը եւս օդակաթիլային եղանակն է, եւ գրիպի այս տեսակը նույնպես  ախտահարում է վերին եւ ստորին շնչուղիները»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքով` սուր շնչառական հիվանդությունների հանդեպ զգոնությունը պետք է պահպանել մինչեւ ապրիլ: «Շնչառական վարակները եղել են, կան եւ լինելու են: Մեզանից պահանջվում է զգոն լինել` հետագա բարդություններից խուսափելու համար»,-հավելեց բանախոսը:

Լիանա Թորոսյանը նշեց, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարի գրիպի H1N1 ենթատեսակով  ոչ ոք չի հիվանդացել: «Անցած տարի մենք գրիպի այդ ենթատեսակի բռնկման հետ կապված 19 մահ ունեցանք: Այս տարի սուր շնչառական եւ գրիպի բարդությունների հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել»,-ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am