ՀՀ-ն ու ԱՄԷ-ն ավելացրել են առևտրի ծավալները. ներդրողներն ուղղվում են Հայաստանի տնտեսության նոր ու շահութաբեր ոլորտներ

Armenpress 12:22, 22 Մարտ, 2017

ԱԲՈՒ ԴԱԲԻ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև առևտրաշրջանառության ծավալներում զգալի աճ է նկատվում: Պետությունների միջև ոչ նավթային, այդ թվում՝ ազատ գոտիների առևտրի ընդհանուր ծավալը 2015թ. կազմել է 102 միլիոն դոլար, մինչդեռ 2016թ. առաջին ինն ամիսներին այդ ցուցանիշը հասել է 88,3 միլիոնի: Այս մասին հայտարարել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրին Աբու Դաբիում «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ»  ներդրումային համաժողովի ընթացքում, որի բացման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Սուլթան ալ-Մանսուրին առևտրի ծավալների աճը համարում է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման վկայություն:

«Այնուամենայնիվ, կարծում ենք, որ այդ ցուցանիշները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին, չեն արտացոլում պոտենցիալ և հասանելի հնարավորությունները և չեն կարող բավարարել երկու պետությունների ժողովուրդների և ղեկավարությունների ձգտումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատել է նախարարը:

Նրա խոսքով՝ մարտահրավերներով լի միջազգային տնտեսության իրականության մեջ Էմիրություններն աշխարհում առաջին նավթարդյունաբերող երկրներից էր, որը կարևորություն տվեց տնտեսության դիվերսիֆիկացմանը և որպես եկամտի աղբյուրի նավթի արտահանման վրա շեշտը դնելու փոխարեն սկսեց աշխատել իր տնտեսական հիմքի բազմազանեցման և տնտեսության կայուն սեկտորների շարունակական զարգացման ուղղություններով՝ ոչ նավթային սեկտորի բաժնեմասը հասցնելով երկրի ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսին:

«Երկրի կառավարությունը որդեգրել է զարգացման հստակ ռազմավարություն, որի կարևորագույն մասն են պետության իրավասու օղակների կողմից ուղղորդվող գիտելիքի և նորարարությունների հիման վրա կառուցվող մրցունակ գլոբալ տնտեսություն: ԱՄԷ կառավարությունը մտադիր է ապահովել տնտեսական գործունեության բարենպաստ միջավայր՝ գործի դնելով  տնտեսական աճը խթանող օրենքներ և շարունակաբար ձգտելով ներդրումային միջավայրի բարելավմանը, աշխատելով տնտեսության առավել կայուն սեկտորների զարգացման ուղղությամբ: Այդ ռազմավարության շնորհիվ Էմիրությունները կարողացան առաջատար դիրքեր գրավել թե որպես երկրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող արաբական պետություն, թե որպես տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով ներդրումների, ֆինանսների, տուրիզմի, լոգիստիկայի կենտրոն»,-ասել է Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրին՝ երկրում օտարերկրյա կապիտալի համար ամենակարևոր երաշխիքը համարելով քաղաքական կայունությունը, տնտեսական ուժը, սոցիալական ապահովությունը և օրենքի գերակայությունը: Նա հայաստանյան գործարարներին հրավիրել է օգտվելու զարգացման լայն խթաններից՝ որպես ներդրումների համար կարևորագույն ոլորտներ ընդգծելով փոքր և միջին ձեռնարկությունները, արդյունաբերությունը, տուրիզմն ու հյուրընկալությունը, ֆինանսական ծրագրերը, անշարժ գույքը, շինարարությունը, առևտուրը:

«Մինչ ընդգծում ենք, որ հայ ներդրողը ողջունելի կլինի Էմիրություններում  և կվայելի հաջողության հասնելու համար անհրաժեշտ լիարժեք աջակցություն և համագործակցություն, մենք շարունակում ենք զորակցություն ցուցաբերել էմիրաթական ընկերություններին, որոնք ցանկանում են ուղղվել դեպի Հայաստանի տնտեսության նոր, ակտիվ ու շահութաբեր ոլորտներ՝ վստահ լինելով, որ կգտնեն այն միջոցները, որոնք անհրաժեշտ են տնտեսական ակտիվության և բարեկամ երկրում ներդրումներն ընդլայնելու համար»,-ընդգծել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը:

Նա, ողջունելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, նշել է, որ մեծ պատիվ է ներկա գտնվել այս նորարարական ֆորումին, որը կարևորագույն հարթակ է ԱՄԷ և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական կապերի զարգացման գործում: Այս միջոցառումը հովանավորելու կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել Աբու Դաբիի Թագաժառանգ և ԱՄԷ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, ով պատիվ ունի հյուրընկալելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

«Երկու կողմերի ներկայությունն ու արժանավայել հովանավորությունը վկայում են ՀՀ և ԱՄԷ միջև երկկողմ բարիդրացիական կապերի առկայության մասին և արտացոլում են երկու երկրների ղեկավարությունների համատեղ ցանկությունը բարձրացնելու այդ հարաբերությունների մակարդակը նոր փուլի: ԱՄԷ ղեկավարությունը որդեգրել է աշխարհի պատմական երկրների առաջ բաց լինելու քաղաքականություն և հույժ կարևորություն է տվել բոլոր գործընկերների միջև ամուր տնտեսական կապեր հաստատելուն՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի իրագործման վրա: Այդ սկզբունքների հիմքում ընկած են այնպիսի ուղիներ, որոնք կամրապնդեն գործընկերների մրցունակությունն արտաքին շուկաներում և կծառայեն նրանց ներդրումային և առևտրային շահերին, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային շուկաներում»,-ասել է Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրին:

Նրա խոսքով՝ ԱՄԷ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից՝ 1998թ. հունիսից սկսած` երկկողմ հարաբերություններն ապրել են զգալի աճ և առաջընթաց, հաստատուն կերպով բարգավաճելով և հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա:

«Զարգացման ճանապարհին մեր հարաբերութուններն ունեցել են մի քանի հանգուցակետ. այդ հանգուցակետերից առավել նշանակալին 2016թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցն է ԱՄԷ և այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցները, որոնց ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացման և ներդրումների ասպարեզում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և առևտրային փոխանակումների ընդլայնման, ներկայիս փոխգործակցության խթանման հարցեր»,-նշել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը՝ այսօրվա նախադեպ ֆորումը համարելով այդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական  իրագործման կատարյալ հարթակ, որտեղ հնարավոր կլինի առավել խորացնելու ԱՄԷ և ՀՀ գործնական կապերը: 

Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր: Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում են պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am