Երևանյան բեսթսելեր 4/53. Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա»-ն ամենավաճառվածների ցանկում է
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Վեց հորիզոնականով վեր է բարձրացել և երրորդ տեղը զբաղեցրել Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունն այս շաբաթ չորրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ վեպն է, որտեղ նկարագրվում են մի հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» գիրքը մեկ հորիզոնականով ներքև է իջել և հինգերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Վեցերորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:
Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ յոթերորդ հորիզոնականում է երիտասարդ և խոստումնալից գրող Էդգար Կոստանդյանի «Կուկու» վեպը: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է: Հեղինակը նշում է, որ այս վեպը տարբերվում է իր նախկին գործերից:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն այս անգամ ութերորդ հորիզոնականում է:
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և իններորդ տեղը զբաղեցրել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» ստեղծագործությունը: Այս գործը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:
Տասներորդ տեղում նոր գիրք է ընդգրկվել: Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի: Ի՞նչ է սա, արդեն տասնամյակներ շարունակ ջանում են հասկանալ գրականագետները. կլինիկական դեպքի նկարագրությո՞ւն, մարտահրավեր կեղծ բարեպաշտությա՞նը, ֆրոյդիստական վարժանքնե՞ր գրականության ասպարեզում (թեև Նաբոկովը հեգնալի արհամարհանքով էր վերաբերվում Ֆրոյդին), երգիծական պատո՞ւմ, թե՞ տրտմաթախիծ գիրք մենության և սիրո մասին: «Լոլիտա»-ի առեղծվածն անհնար է միանշանակորեն վերծանել:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Էդգար Հարությունյան
«Չգտնված երիցուկներ»
Անտարես 105 2 +3Օսակր Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 45 3 +6Սպենսեր Ջոնսոն
«Ու՞ր է իմ պանիրը»
Էդիթ Պրինտ 42 4 -2Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 25 5 -1Ջոն Բոյն
«Զոլավոր գիշերազգեստով տղան»
DirectMEDIA 13 6 +2Ջոն Գրին
«Աստղերն են մեղավոր»
Էդիթ Պրինտ 13 7 0Էդգար Կոստանդյան
«Կուկու»
Վարդ Հրատ 12 8 -5Էդգար Հարությունյան
«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»
Անտարես 9 9 *Ջեյն Օսթին
«Հպարտություն և նախապաշարմունք»
Անտարես 8 10 ՆորՎլադիմիր Նաբոկով
«Լոլիտա»
Անտարես 7