Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Էդվարդ Նալբանդյանին

Armenpress 13:50, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին ընդունեց Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Յան Ալեքսանդր Հիլին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով նորանշանակ դեսպան Հիլին Երևանում՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ հարաբերությունների զարգացումը ամենատարբեր ոլորտներում, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:

Դեսպան Հիլը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին շեշտեց, որ իր կառավարությունը մեծապես հետաքրքրված է՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ, և ինքը հավելյալ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվեց արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջխորհրդարանական​ փոխգործակցության հաստատումը, իրավապայմանագրային դաշտի զարգացման, առևտրատնտեսական, հատկապես գյուղատնտեսության ոլորտում կապերի խթանման անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում կարևոր դերակատարություն կարող է ունենալ Նոր Զելանդիայի փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքը։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային հրատապ հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am