Դինքի սպանության գործով ութ կասկածյալ կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հայտնի է, որ կասկածյալները կալանավորվել են «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցության» և «սահմանադրական կարգը խախտելու փորձ անելու» հիմնավորումներով:
Կալանավորված անձինք են լրագրող Մուամեր Այը, ինչպես նաև սպանության ժամանակ Սամսունի ժանդարմերիայի աշխատակիցներ:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: