Զախարովան տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին

Armenpress 14:30, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Այս պահին ես տեղեկություն չունեմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Եթե նման տեղեկություն լինի, ես կփոխանցեմ ձեզ այն»,- հայտարարել է Զախարովան:

Անդրադառնալով լրագրողների խնդրանքին` գնահատական տալ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեկ տարվա գործընթացին` ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ռուսական կողմի գնահատականը կներկայացնի ԱԳՆ կայքում կամ լրագրողների հետ հաջորդ ճեպազրույցի ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am