Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի

Armenpress 17:52, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև մարտի 30-ին կնքվեց «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ճապոնական կողմից` Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Համաձայնագրով նախատեսվում է Ճապոնիայի կողմից մինչև 1.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհի տրամադրում, որը հնարավորություն կտա նոր սարքավորումներ ձեռք բերել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվը թվայնացնելու համար:

«Այսօր իրապես շատ կարևոր  համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև: Սա ևս մեկ քայլ է երկու երկրների տնտեսական և սոցիալական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով` սա երկու կառավարությունների միջև համագործակցության ևս մեկ էջ է, քանի որ 2001թ.-ին Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է տրամադրել Մատենադարանի փաստաթղթերը թվայնացնելու նպատակով: «Արխիվը անցյալից դեպի ապագա տանող յուրօրինակ կամուրջ է: Եվ այն ոչ միայն պահպանում է անցյալի ազգային արժեքները, այլև ոգևորում երիտասարդ սերնդին նոր մշակույթ ստեղծել ապագայի համար» ,- ընդգծեց դեսպանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ արխիվի թվայնացման գործընթացը կարևոր է ոչ միայն Հանրային հեռուստաընկերության, այլև մեդիադաշտի մյուս ներկայացուցիչների համար: «Հուսով եմ , որ գործընթացի ավարտից հետո այդ տեխնիկայից հնարավորություն կունենան օգտվել նաև այն հեռուստաընկերությունները, որոնք դրա կարիքն ու անհրաժեշտությունն ունեն»,- նշեց Մարգարիտա Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am