Երևանում ցուցադրության են հանվել ՀՀ զինված ուժերի «Սմերչ», «Գրադ», «Հաուբից» համակարգերը

Armenpress 13:50, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգ-բանակ-2017» խորագրով ցուցահանդեսի շրջանկաներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում ապրիլի 21- 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առանձին տաղավարներում և հարթակներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Համաժողովի շրջանակներում Մարզահամերգային համալիրի մոտ ցուցադրության են դրված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Точка У մարտավարական հրթիռային համալիրը, հակաօդային պաշտպանության համակարգեր, «Գրադ» համազարկային կրակի համակարգ, «Հաուբից» հրետանային համակարգ, Տ-90 տանկ:

Համաժողովի շրջանակում հանրակրթական դպրոցների սաների համար նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն հանդիպումներ արցախյան ազատամարտի վետերանների և ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

Միջոցառումներին մասնակցությունը խրախուսվում է դասարաններով՝ զինղեկների և դասղեկների ուղեկցությամբ (9-12-րդ դասարաններ): 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am